Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա նիստում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակից, նշելով, թե հասունացել է միասնական պայքարի ժամանակը, հաշվի առնելով վերջին զարգացումները, սկսած Ավետիսյանների ընտանիքի սպանդից մինչև սահմաններին տիրող լարվածության աճը:
«Մի տարի է, որ ասում ենք, որ փոփոխություն բերելու համար պետք ունենք քաղաքական և քաղաքացիական լայն հրապարակի և օրակարգի: Մի տարի տվել ենք, մի ամիս ևս կտանք այդ կարևոր նպատակին: Բայց արդեն ժամանակը եկել է, որ այս ամսվա ընթացքում նվազագույնը պետք է ճշգրտվի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում և ժողովրդին իրավունք չունենք հերթական անգամ հուսախաբ անելու՝ բերելու և ասելու՝ սպասենք»,- նշեց Հովհաննիսյանը:
Նախօրեին, գնահատելով սահմանագծին տիրող իրավիճակը, պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այն բնութագրել էր որպես «դանդաղ պատերազմ»: Մեկնաբանելով այդ գնահատականը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սահմանի վրա տիրող վիճակը շատ լուրջ է: Սա ենթադրում է ոչ միայն ազգային համախմբվածություն, բայց սա նաև ենթադրում է ներքին արդարություն: Սահմանի պաշտպանություն, զինվորի արժանապատվությունը չկա, եթե Հայաստանի քաղաքացին չի հավատում իր պետությանը և իշխանությանը: Եվ պիտի մենք ուղղակի այդ ուժը գտնենք պայքար տանելու թե ներքին, թե արտաքին ճակատներում միաժամանակ»:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո հասարակությունը համախմբվեց Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջի շուրջ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը պետք է պատրաստ լինեն նոր զորաշարժի․ «Ամբողջ Հայաստանը՝ հյուսիսից հարավ, և հատկապես Շիրակը և Գյումրին, պիտի պատրաստվի մեծ զորաշարժի՝ վերջապես արդարություն բերելու մեր պետությանը և մեր ժողովրդին: Մենք պիտի պատրաստվենք քաղաքացիական հզոր ալիքի: Եվ հոգեհանգստից, քառասունքից հետո թող ողջ ազգը և քաղաքացիությունը պատրաստվի միասնական համատեղ պայքարի»: Րաֆֆի Հովհաննիսյանը ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանից հարգանք պահանջեց, այլապես ռազմաբազայի ներկայության հարց կդրվի, ասաց «Ժառանգության» ղեկավարը․ «Եթե ՌԴ իշխանությունը հանցագործ հրեշին և իր ղեկավարներին չհանձնի հայոց արդարադատության, այս բազան և սահմանապահները հետը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ես հարգում եմ ռազմավարական գործընկերոջը, իր մեծությունը, շահերի ընդհանրությունը, բայց նաև ես գնահատում եմ ավելի բարձր մեր ազատությունը և ինքնիշխանությունը: Եվ պահանջում եմ հարգանք Ավետիսյանների ընտանիքին, հարգանք գյումրեցուն, հարգանք Հայաստանի Հանրապետությանը»: